Վարչապետը բացատրություն է ակնկալում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վերաբերյալ առկա բողոքների առնչությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրաձայնեց բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրների վերաբերյալ բողոքների մասին: Առաջիկայում վարչապետի մոտ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով խորհրդակցություն կլինի, վարչապետն ակնկալում է հստակ բացատրություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում:

 «Ցավով պետք է արձանագրեմ, որ Հանրապետության բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Դրանից բողոքում են Երևանում, մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Եվ այն, որ մենք ժամանակին կառավարության  նիստի ընթացքում հոսանքի անջատում ունեցանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այնպես չէ»,-ասաց Փաշինյանը:

Առաջիկայում վարչապետի մոտ պետք է խորհրդակցություն լինի, ակնկալում է բացատրություն, թե ինչու է այդպես: Նա շեշտեց՝ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես են այդ հարցը լուծելու: Վարչապետի ընկալմամբ՝ խնդիրը գնալով խորանում է:  Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունից հստակ ծրագիր է ակնկալում, թե ինչպես են հնարավորինս արագ այդ խնդիրը լուծելու: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ նախարարության և փոխվարչապետի հետ քննարկելով՝ որոշակի աշխատանքներ արդեն իսկ արել են: «Մասնավորապես, վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Եթե տասնամյա ներդրումային ծրագրով ամեն տարի պլանավորված էին շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է 26 մլրդ դրամի ներդրում: Նոր տնտեսությունների, նոր գործարանների կամ նոր սպառողների վրա, որոնք միանում են, մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում: Այն ներդրումները, հնարավորությունները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, նվազում են»,-նշեց Բաղրամյանը:

Նրա վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ որոշակի միջոցառումներ են իրականացրել, որ ընկերության մոտ գումարներ ազատվեն: Այլ միջոցառումներ ևս նախատեսում են:  

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031