Եղել է ՌԴ արտահանված ելակ, որը խնդիրներ է ունեցել. Գևորգ Պապոյանը զրուցել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ

Հայաստանից Ռուսաստան արտահանված սննդամթերքի հետ կապված բոլոր խնդիրներով, հարցերով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի գործընկերների հետ։

Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ 2 օր առաջ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերված վտանգավոր պեստիցիդի թեմայով զրուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի և Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ։

«Մեր հեռախոսազրույցի ընթացքում բոլոր խնդիրները մենք բարձրաձայնել ենք։ Բոլոր այդ հարցերն աշխատանքային են։ Այո, եղել է բեռնատար, որի մեջ եղել է ելակ, որը խնդիրներ է ունեցել։ Մենք այժմ նոր լաբորատորիա ենք Բագրատաշենում հավատարմագրել , որը երեկ, օրինակ, մի բեռնատար դեղձ չի թողել, որ գնա ՌԴ։ Հիմա, որ այդ լաբորատորիան չլիներ, այդ մի բեռնատար դեղձը հասնելու էր, օրինակ, Կրասնոդար և հետ գար։ Այսինքն՝ մենք ինքներս այլևս թույլ չենք տա, որ օրինակ այդ ելակը հասնի ՌԴ»,- ասել է Պապոյանը։

Ավելի վաղ ռուսական «Տելեգրամ» ալիքներից մեկը գրել էր, որ Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Իր հերթին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ներկրված ելակի մեջ վնասակար նյութերի առկայության մասին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930