Skip to main content

Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին

Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում:

«Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: Տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել են Լոռու և Տավուշի մարզպետարանների կողմից»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Քաղաքաշինության կոմիտեի և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն այցելել են աղետի գոտի, տուժած յուրաքանչյուր տնտեսավարողի գործունեության իրականացման վայր, գնահատել են ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի վնասվածության աստիճանը: Այդ աշխատանքների արդյունքում տնտեսավարողների վնասվածությունը դասակարգվել է 3 աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար:

Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը: Շահառուներին աջակցությունը տրամադրվում է՝ հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը»,-ասաց նախարարը:

Տրամադրվող աջակցությունը բաղկացած է երկու բաղադրիչից: Առաջին՝ կախված տնտեսավարողի ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի մակերեսից և վնասվածության մակարդակից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են Քաղաքաշինության կոմիտեից կողմից: Ըստ այդմ, ցածր՝ 1 քառ. մետրի համար՝ 6600 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, միջին՝ 1 քառ. մետրի համար՝ 14 հազար 900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, բարձր՝ 24 հազար 800 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ: Պապոյանի խոսքով՝ այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսավարողի, որի ընդհանուր գումարը կազմելու է մոտ 140 մլն դրամ:

Երկրորդ բաղադրիչ՝ կախված տնտեսավարողի՝ 2023 թվականի համար պետական բյուջե վճարված հարկերի չափից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են ՊԵԿ-ի կողմից: Նախատեսվում է ցածր աստիճանի տուժածներին՝ 2023 թվականի հարկերի (ԱԱՀ և շրջանառության հարկ) չափով վերադարձ՝ 50 տոկոսը, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ, միջին՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ 70 տոկոս, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը 10 մլն դրամ, բարձր՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ 100 տոկոսի չափով, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ:

Երկրորդ բաղադրիչով պետությունը մոտ 155 տնտեսավարողի է աջակցություն տրամադրելու, գումարը կազմելու է մոտ 150 մլն դրամ:

Աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով: Աջակցություն ստանալու համար տուժած տնտեսավարողները դիմում են ներկայացնելու նախարարություն օգոստոսի 25-ից հոկտեմբերի 15-ը: Դիմումներն ընդունվելու են Էկոնոմիկայի նախարարության էլ. փոստին՝ [email protected]:

«Երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է: Ես չգիտեմ, թե այս աջակցությունից քանի տնտեսավարող իրեն տրվող աջակցությունը կհամարի արդարացի, բայց կարծում եմ՝ միանշանակ արդարացի է, որ մենք դա կապում ենք վճարված հարկերի հետ: Հարկերը պետական բյուջե հավաքագրվում են նաև նրա համար, որ նման ճգնաժամային իրավիճակներում կառավարությունն աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենա: Սա այն դեպքն է, երբ մարդկանց ասում ենք՝ վճարած հարկերը չընկալել որպես իրենց աշխատած գումարն ուրիշին տալու գործընթաց, այլ ընկալել որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնել»,–ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930