Մենք Արթուրի ոսկի մեդալն ենք ուզում, գնալու ենք մինչև վերջ՝ ընդհուպ Լոզանի դատարան. Կարեն Գիլոյան

Սպորտը այն ասպարեզը չէ, որ այսօրվա ներդրումը վաղը մեդալ կարող է դառնալ, այսօրվա ներդրումը մեդալ կարող է դառնալ 6-7 տարի հետո։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ խոսելով Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների արդյունքների մասին։

«Արտասահմանից մերսող ենք բերել, որ կարողանա տեղում լինել և օգնել մեր մարզիկներին, նա աշխարհի լավագույններից է։ Հավելյալ սնունդ, ամեն ինչ հատիկ-հատիկ արվել է, ռազմավարությունը նոր է, դրանով շարժվում ենք առաջ, այսօր պատանեկան առաջնություններում տեսնում ենք մեդալների աճ, դա նշանակում է, որ մոտ ապագայում կտա իր արդյունքը»,- ասել է նա՝ նկատելով, որ անկախ Հայաստանի օլիմպիական խաղերից երկու անգամվա արդյունք է ավելի լավը եղել։

Նա նկատել է․ «Այսինքն՝ անկում չենք ունեցել, Թուրքիայի պես երկիրը ոսկի չունի, Հնդկաստանից առաջ ենք, 105 երկիր բոլորովին մեդալ չի նվաճել, ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ ճանապարհի վրա է, որևէ միջոց չի խնայվում, լավ հովանավոր գործընկերներ ենք գտել, մոտ ապագայում դուք կգաք շնորհավորելու»։

Գիլոյանը նշել է՝ եթե անգամ ՄՕԿ-ն էլ որոշում չկայացնի հօգուտ Արթուր Ալեքսանյանի, կդիմեն Լոզանի դատարան․ «Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան։ Եթե ուրիշները արծաթի համար երջանկանում են, մենք արտասվում էինք, սա հիասթափություն է մրցավարության հանդեպ, արդարություն լինելու է, ոսկին գալու է Հայաստան, բոլոր մրցավարները միաբերան պնդում են, որ 100 տոկոսով մրցավարը սխալ է»։

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակել է փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացել արծաթե մեդալի:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի օլիմպիական գոտեմարտը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30