Skip to main content

Թեյլոր Սվիֆթի համերգները Վիեննայում չեղարկվել են ահաբեկչության նախապատրաստման պատճառով

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ «ողբերգությունը կանխվել է»։ X սոցիալական հարթակի իր էջում նա նշել է, որ ոստիկանության, Անվտանգության և հետախուզության վարչության և օտարերկրյա ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ սպառնալիքը հայտնաբերվել է, և դրա դեմ միջոցներ են ձեռնարկվել։

Համերգի կազմակերպիչները ևս հայտարարել են, որ «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին նախատեսված համերգների ժամանակ պլանավորված ահաբեկչության պատճառով այլ ելք չի մնում, քան չեղարկել դրանք՝ հանուն բոլորի անվտանգության։ Բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։

Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկու մարդու է ձերբակալել հարձակումները նախապատրաստելու կասկածանքով։ Նրանցից մեկը՝ Ավստրիայի 19-ամյա քաղաքացին, հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Եվս 3 կասկածյալ փախուստի մեջ է։

Վիեննայում Թեյլոր Սվիֆթի յուրաքանչյուր համերգին սպասվում էր 65 000 հանդիսատեսի ներկայություն։ Եվս 15 000 մարդ, ըստ հաշվարկների, կլիներ մարզադաշտից դուրս՝ առանց տոմսերի։

Այս համերգները ամերիկացի երգչուհու «Էրաս» շրջագայության մի մասն էին: Թեյլոր Սվիֆթի համաշխարհային համերգային շրջագայությունը սկսվել է 2023 թ. մարտի 17-ին ԱՄՆ-ում և պետք է ավարտվի 2024 թ. դեկտեմբերին Կանադայում։

34-ամյա Սվիֆթը դեռ չի մեկնաբանել համերգների չեղարկումն Instagram-ում, որտեղ նրա էջն ունի 283 միլիոն հետևորդ։

Թեյլոր Սվիֆթի հաջորդ կանգառը Լոնդոնն է, որտեղ օգոստոսի 15-ից նախատեսված է 6 համերգ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  

- Այս թեմայով -