Որոշ խնդիրների լուծման դեպքում Fitch-ը հետագայում կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսության գնահատման գործակիցը. տնտեսագետ

Տնտեսական կանխատեսումներ իրականացնող ամերիկյան Fitch կորպորացիան վերջերս հրապարակած վերլուծությունում պահպանել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Այդ գնահատականի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանի հետ:

— Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գնահատականը, որքանո՞վ է այն արտացոլում Հայաստանի տնտեսության իրական պատկերը:

— Թեև Հայաստանին այդ վարկանիշի շնորհումը սպասելի էր, այնուամենայնիվ, դա կարելի է դրական գնահատել, հատկապես հաշվի առնելով, որ չնայած առկա աշխարհաքաղաքական անորոշություններին և հնարավոր ռիսկերին՝ Fitch-ն անփոփոխ է թողել դեռևս տարեսկզբին սահմանած վարկանիշը: Ընդ որում՝ կայուն հեռանկարով: Գործակալության այդպիսի գնահատականը, իմ խորին համոզմամբ, համապատասխանում է ՀՀ տնտեսության ներկայիս իրավիճակին:Վարկանիշի շնորհման ու պահպանման հիմքում գերազանցապես բավական խելամիտ և ճկուն մակրոտնտեսական քաղաքականությունն է, որը նպաստում է նաև անկայուն աշխարհում մանևրելու նոր հնարավորությունների ստեղծմանն ու առկա հնարավորությունների պահպանմանը: Գնահատականը բոլոր ասպեկտներով (տնտեսական աճ, պարտք, արտաքին ֆինանսներ, բանկային հատված, գնաճ, դրամավարկային քաղաքականություն) դիտարկելիս՝ կտեսնենք, որ դրա պահպանմանը նպաստած հիմնական գործոններն են ցածր ու համեմատաբար կայուն գնաճը, ինչպես նաև 2022 թվականից շարունակվող (թեև որոշակիորեն դանդաղած) բարձր տնտեսական աճը, որն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է մոտ 9.2 տոկոս: Թեև տնտեսական ակտիվության աճն այժմ դրսևորում է աստիճանական դանդաղման միտում, այնուամենայնիվ, այն տատանվում է 10 տոկոսի շուրջ ու շարունակում է համեմատաբար կայուն աճի հույսեր ներշնչել:

— Ո՞ր պարագայում Հայաստանի այս վարկանիշը կարող է բարձրացվել: Դա հնարավո՞ր է տեսանելի ապագայում:

— Fitch-ի զեկույցում նշվում է, որ վարկանիշի բարձրացմանը խոչընդոտող հիմնական գործոններն են բյուջեի դեֆիցիտը, աշխարհաքաղաքական ռիսկերը և դոլարայնացման համեմատաբար բարձր մակարդակը: Հետևաբար, վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել այդ երեք ուղղություններով առկա բացերի վերացումը: Իհարկե, աշխարհաքաղաքական անորոշության պարագայում դա փոքր-ինչ դժվար, բայց, հուսով եմ, լուծվող խնդիր է:Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականը փոքր-ինչ բարձրացնել դեֆիցիտը՝ հասցնելով մինչև 5.5 տոկոսի, այնուհետև՝ հասցնել մինչև 3.5 տոկոսի: Այսինքն, հույս կա, որ մինչև 2027 թվականը դեֆիցիտի ծրագրվող կրճատումը կարող է հնարավորություն ստեղծել հետագայում Հայաստանի վարկանիշի բարելավման համար:Ինչ վերաբերում է դոլարայնացման մակարդակին, ապա Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ դրա նվազման միտում է նկատվում: Եթե դա պահպանվի, ապա նույնպես կարող է հանգեցնել նրան, որ հետագայում Fitch-ը բարձրացնի Հայաստանի վարկանիշը:

— Ի դեպ, դոլարայնացումն ի՞նչ մակարդակի է Հայաստանում տնտեսությունում:

— Այդ առումով բավականին հետաքրքիր իրավիճակ ունենք: Արտաքին հատվածից արտարժույթով բավականին խոշոր միջոցներ են ներգրավվում Հայաստանի բանկային ոլորտ, որը հնարավոր ռիսկերից խուսափելու համար գործարքներն հիմնականում իրականացնում է այդ արտարժույթով: Ըստ այդմ, շուկայում արտարժույթի ծավալն ավելանում է: Նմանապես ռիսկերից խուսափելու նպատակով տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են ավելի շատ ավանդ ներդնել արտարժույթով, քան ազգային արժույթով: Ճիշտ է, այդ միտումն աստիճանաբար նվազում է, քանի որ ներկայում ազգային արժույթը բավականին կայուն վարքագիծ է դրսևորում դոլարի նկատմամբ: Դա էլ աստիճանաբար հանգեցնում է դոլարայնացման մակարդակի նվազմանը, որը, սակայն, դեռևս մնում է բավականին բարձր մակարդակի:                 — «BB-»-ը նշանակում է, որ տնտեսական անկայունությունը կարող է անդրադառնալ երկրի վճարունակությանը: Որքանո՞վ է դա իրական Հայաստանի պարագայում:

— Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում բախվելով բազում ճգնաժամերի, ենթարկվելով աշխարհաքաղաքական տարբեր գործոնների ազդեցության՝ հասել է մակրոկայունության ներկայիս մակարդակին: Այս վարկանիշի պահպանումն ինքնին վկայում է մակրոկայունության պահպանման մասին: Այնուհանդերձ, «BB-» վարկանիշը ենթադրում է տնտեսական հնարավոր անկայունության պարագայում երկրի վճարունակության ռիսկերի առաջացում: Թե որքանով է այն իրատեսական Հայաստանի պարագայում՝ քննարկման ենթակա հարց է: Իմ կարծիքով՝ նման ռիսկերի դրսևորման հավանականությունը բավականին ցածր է: Տեսեք, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին շոկերը հանգեցրին նրան, որ Հայաստանը նահանջեց կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության վտանգավոր սահմանից (60 տոկոս)՝ 2022 թվականին այն հասցնելով 46.7, իսկ 2023-ի վերջին՝ 48.1 տոկոսի: Այսինքն՝ պարտքի վտանգավոր շեմի տեսանկյունից Հայաստանը հայտնվեց ավելի ցածր ռիսկայնության տիրույթում: Միաժամանակ, դա որոշակի ֆիսկալ տարածք ձևավորեց հետագայում ընթացիկ ծախսերի իրականացման համար: Ի դեպ, 2025-27 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կարող է հասնել առավելագույնը 55 տոկոսի: Այսինքն, առնվազն միջնաժամկետում վճարունակության էական ռիսկերի չենք կարող բախվել, քանի որ պարտքը նախատեսվում է պահել կառավարելի մակարդակում:Բացի այդ, կառավարության պարտքի ընդհանուր կառուցվածքում ՀՀ դրամով պարտքը պատմականորեն բարձր մակարդակին է, ինչը նվազագույնի է հասցնում նաև արժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված հնարավոր ռիսկերը:

— Հայաստանի համար որքանո՞վ են էական բյուջեի դեֆիցիտի արձանագրված աճն ու աշխարհաքաղաքական ռիսկերը։

— Սովորաբար հասարակության շրջանում բացասական տրամադրություններ են ձևավորվում բյուջեի դեֆիցիտի խնդրի շուրջ, սակայն պետք է հասկանանք, թե ինչ ծախսեր ենք կատարում ու արդյոք առկա՞ են այդ ծախսերն իրականացնելու լավագույն միջոցներ, որոնք թույլ կտան դա անել առանց դեֆիցիտը մեծացնելու: Բնականաբար, պետական բյուջեն անհատակ չէ, բայց իրականացվող ծախսային ուղղությունները բավականին ընդգրկուն են և ենթադրում են հսկայածավալ միջոցների ներգրավում: Այսօր կառավարությունը ստիպված է լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելուց մինչև պաշտպանական բնույթի ծախսեր: Այդ ծախսերը շարունակաբար աճում են, ինչն էլ սահմանափակ բյուջեի պարագայում հանգեցնում է դեֆիցիտի աճի:Աշխարհաքաղաքական ռիսկերի առումով նշեմ, որ մեր տարածաշրջանում, ինչպես նաև գործընկեր երկրների հետ հարաբերություններում առկա անորոշությունն ակտիվացնում է այդ ռիսկերը ու որոշակիորեն սահմանափակում Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության մակարդակը: Հաշվի առնելով մեր երկրի էական կախվածությունը սակավաթիվ գործընկեր երկրներից՝ այդ թվում էներգետիկ անվտանգության տեսանկյունից՝ այդ ռիսկերի տրամաբանական շղթան ավելի քան իրատեսական է թվում: Խնդիրը լուծելու կամ մեղմելու տարբերակը, թերևս, գործընկերների, հատկապես առևտրային գործընկերների դիվերսիֆիկացումն է, ինչի ուղղությամբ այժմ որոշ քայլեր իրականացվում են:

— Գործակալության գնահատմամբ՝ զբոսաշրջության ու տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտները կլինեն Հայաստանի տնտեսության աճի կարևոր շարժիչ ուժեր, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականից սկսած դրական ազդեցություն կունենա արտահանման և տնտեսական աճի առումով: Համաձա՞յն եք այդ դիտարկման հետ:- Ընդհանուր առմամբ համաձայն եմ, քանի որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի տնտեսության հիմնական լոկոմոտիվը ծառայությունների, արդյունաբերության ու շինարարության ճյուղերն են: Քանի դեռ չի նշմարվում որևէ ոլորտ, որը կարող է գերազանցել ՏՏ ոլորտում սահմանված աշխատավարձերն ու աշխատողների նկատմամբ բարձր պահանջարկը, իրապես ենթադրելի է, որ այն կշարունակի մնալ ծառայությունների ոլորտի, հետևաբար նաև տնտեսական աճի հիմնական խթաններից մեկը: Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքին, ապա համաշխարհային հումքային շուկայում հանքահումքային ապրանքների ու հատկապես ոսկու նկատմամբ ձևավորված պահանջարկը շարունակում է բարձր մնալ: Ուստի, Ամուլսարի հանքի վերագործարկումը իրավմամբ կարող է ևս մեկ խթան հանդիսանալ արտահանման, հետևաբար նաև տնտեսական աճի տեսանկյունից: Հատկանշական է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրով նույնպես այդ գործոնը դիտարկվում է տնտեսական աճի հնարավոր բարձր շեմ ապահովելու հնարավորություն:

— Fitch-ի կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025-ին՝ 5,5%, իսկ 2026-ին՝ 5,1%։  Ըստ ձեզ՝ այդ գնահատականն արտահայտո՞ւմ է իրական հեռանկարները:

— Կարծում եմ՝ այո: ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումները, տարեսկզբին գրանցված բավական խոստումնալից աճը հույս են ներշնչում, որ այս կանխատեսումները կիրականանան: Ի դեպ, Fitch-ի այս կանխատեսումները գրեթե համապատասխանում են միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ կառավարության ներկայացված կանխատեսումներին: Եթե Fitch-ը 2024-ին կանխատեսել է 6, իսկ հաջորդ երկու տարիներին՝ համապատասխանաբար 5,5 և 5,1 տոկոսի աճ, ապա միջնաժամկետ ծախսային ծրագրով այս տարի կանխատեսված է 6,3, իսկ հաջորդիվ 5,8 և 5,7 տոկոս աճ:- Ինչո՞վ է պայմանավորված լինելու 2025 և 2026 թվականներին տնտեսական ցուցանիշների հնարավոր նվազումը:

— Հայաստանի տնտեսության վրա արտաքին դրական ազդեցությունը, որն առաջացել է 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո, շարունակվեց 2023 թվականին ու պահպանվեց նաև այս տարվա սկզբում, բայց արդեն նվազման տրամաբանությամբ: Ենթադրելի է, որ ընդհանուր առմամբ աճի այս նվազման միտումը պայմանավորված է նաև այդ արտաքին դրական գործոնների ազդեցության աստիճանական մեղմացմամբ: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճի ներուժը 5-5,5 տոկոսի սահմանում է: Այսինքն, եթե արտաքին դրական գործոնների ազդեցությունը չլինի, ապա մեր տնտեսությունն իներցիայով կարող է 5-5,5 տոկոսի աճ գրանցել:

— Եվրասիական զարգացման բանկը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը՝ 5.7-ից հասցնելով 7.5 տոկոսի: Իսկ 2025 թվականի համար ավելի վաղ կատարած կանխատեսումը՝  5.3%-ից իջեցվել է 4.2 տոկոսի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գնահատականը:- Իհարկե, տնտեսական բարձր աճը ևս մեկ տարի պահպանելը խիստ ցանկալի է, սակայն հակված եմ 6-6,5 տոկոս ցուցանիշի տարբերակին: Արտաքին դրական գործոնների ազդեցության աստիճանական նվազման պարագայում ավելի բարձր աճ ակնկալելու համար անհրաժեշտ են այլ՝ ավելի նշանակալի գործոններ, որոնք, կարծում եմ, դեռ չեն նշմարվում: Հետաքրքիր է, որ այս գնահատականը նույնպես մոտ է միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ կառավարության նախանշած թիրախին, ըստ որի 2021-26 թվականներին նախատեսվում է ապահովել միջինում 7,5 տոկոսի տնտեսական աճ: Ընդ որում, նշվում է, որ այդ աճը հնարավոր է ապահովել միայն այն պարագայում, եթե կառուցվածքային բարեփոխումների միջոցով արտադրողականությունը բարձրացնելու հնարավորություններ ստեղծվեն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031