Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում, ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ գործընթացի հետ կապված նորություն չունի։
Նշելով, որ ռուսական բանտից երեկ ազատ է արձակվել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, լրագրողը շեշտել է, որ արդեն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում, իսկ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչներ կան:
Լրագրողը վկայակոչել է նաև Freedom House-ի տվյալները՝ նշելով, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ամենաանազատն է աշխարհում։ Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի, Աֆղանստանի միջև՝ լրագրողը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղում այսօր իրավիճակն ավելի վատ է, քան վերոնշյալ երկրներում:
Լրագրողը հարց է հնչեցրել, թե արդյո՞ք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը, և ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», — պատասխանել է Պատելը։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։