Ալիևը ՀՀ Սահմանադրությունում «Ղարաբաղի միացումը ՀՀ-ին ապահովող դրույթի փոփոխություն» է պահանջում

Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը և խաղաղ գործընթացին, Լոնդոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը, միևնույն ժամանակ կրկին Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն է առաջ քաշել՝ շեշտելով, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները։

Խոսքն, ըստ Ալիևի, մասնավորապես, Ղարաբաղի միացումը Հայաստանին ապահովող դրույթի մասին է։

Նշվել է, որ այս հարցը քննարկվել է նաև Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Երեկ Լոնդոնում գումարվեց Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը։

Երեկ Բաքուն հայտարարեց, թե հայկական կողմը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը՝ այդ մերժումը համարելով «երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում»։

Պաշտոնական Երևանն էլ հակադարձեց՝ Բաքուն է մերժել երկկողմ հանդիպում ունենալու իր առաջարկը՝ շեշտելով՝ «հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031