ՀԱՊԿ-ի բյուջեի ճշգրտման հարցը՝ կապված Հայաստանի կողմից մուծման մի մասի սառեցման հետ, համաձայնեցված է կազմակերպության ներսում, «ՌԻԱ Նովոստի» — ին հայտնել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
«Եթե վերցնենք ընթացիկ՝ 2024 թվականի բյուջեն, ապա այդ հարցը համաձայնեցված է», — հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանի որոշման հետ կապված քննարկվում է կազմակերպության բյուջեի ճակատագիրը։
«Ալմաթիում ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստերում եւ երեք կանոնադրական մարմինների նիստերի շրջանակներում արդեն ընդունվել են կազմակերպության այս տարվա բյուջեի ճշգրտման վերաբերյալ հանձնարարականները», — հավելել է մշտական ներկայացուցիչը: Հանձնարարականները, նրա խոսքով, ստորագրվել են երկրների ղեկավարների կողմից աշխատանքային կարգով։
Վասիլևը նաև նշել է, որ «իրավիճակն իսկապես ոչ ստանդարտ է՝ հաշվի առնելով հայկական կողմի հայտարարությունները՝ չվճարել իր վճարն այս տարի»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայտնի է 2025թ. բյուջեում վճարում չկատաելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլեւը նշել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։ «Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի տասը տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլեւը։
Նա ավելացրել է, որ կվճարի նա այդ անդամավճարը, թե ոչ՝ «դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։ Խոսելով բյուջեի խնդրի մասին՝ նա նշել է, որ այն, ինչ «վերաբերում է 2025թ., դա հետագա քննարկումների թեմա է»։ Նա նաեւ հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջեւ։ «Այսինքն՝ անդամավճարների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մնացած 50 տոկոսը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջեւ։ Յուրաքանչյուր երկիր (Ռուսաստանից բացի) կվճարի բյուջեի 10 տոկոսը, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը»,- ավելացրել է Վասիլեւը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով դա, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «սա Երեւանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը» սառեցնելու եւ «ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին»:
Այնտեղ նշել են, որ «կազմակերպության բյուջե վճարումների գծով պարտքեր, այդ թվում Հայաստանի կողմից, նախկինում էլ են եղել»։ Նախարարությունում պատմել են, որ 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության բաժնային վճարը սահմանվել է 53,22 միլիոն ռուբլի (573,033 ամն դոլար):