Ալիևը դատապարտել է թուրք ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ՈՒԵՖԱ-ի որոշումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է թուրք ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ՈՒԵՖԱ-ի որոշումը, պնդելով, որ մարզադաշտում ազգայնական ժեստ ցուցադրած մարզիկի նկատմամբ «անարդար» որոշում է կայացվել։

«Հատուկ շնորհավորում եմ Մերիհ Դեմիրալին, ով 1/8 եզրափակիչում 2 գոլ խփեց և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Մերիհի պատիժն անարդար է, և ես դա խստորեն դատապարտում եմ», — Х-ում գրել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով՝ «կեցցե թյուրքական աշխարհը»։

ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դեմիրալին հուլիսի 2-ին Ավստրիայի հավաքականի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու համար։

Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց այս ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։ Ֆեյզերը, մասնավորապես, ասել է, որ «Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը լիովին անընդունելի է»։

Ֆեյզերի հայտարարությունից հետո Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանն է կանչվել երկրի արտաքին գերատեսչություն։

Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է չեղարկել Շուշի նախատեսված այցը և մեկնել Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30