ՄԻՊ-ը հայտնել է ժամանցի վայրերից հնչող բարձր երաժշտության վերաբերյալ բողոքների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի` միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները, իսկ այս ոլորտում անձանց հիմնարար, այդ թվում` հանգստի, առողջության պահպանման և այլ իրավունքների երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:

«Միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններում առկա մշտական կամ պարբերական բնույթ կրող աղմուկը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա, խաթարում է նրանց հանգստի համար անհրաժեշտ միջավայրը։

Հարկ է նկատի ունենալ, որ մեր շրջապատում կան առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց մարդիկ, երեխաներ, ինչպես նաև բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին, լռությունը պահպանելն ունի կենսական նշանակություն:

Պաշտպանը վերոնշյալ խնդրի վրա հրավիրում է պետական իրավասու մարմինների ուշադրությունը և կոչ անում այլ պետությունների հաջողված փորձի հաշվառմամբ մշակել կառուցակարգեր, որոնք կապահովեն բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմանները և այլ հիմնարար իրավունքները: Այդ կառուցակարգերը կարող են վերաբերել նաև անհրաժեշտ օրենսդրական և այլ փոփոխությունների իրականացմանը։

Հաշվի առնելով այն, որ աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցման հետ կապված հարցերը հիմնականում վերաբերում են մասնավոր ոլորտին, իսկ Պաշտպանը մասնավոր կազմակերպությունների դեմ բողոքներ քննարկելու իրավասություն չունի, ՄԻՊ աշխատակազմ ստացվող գրավոր բողոքներն ուսումնասիրվում և բողոք ներկայացրած անձանց գրավոր համաձայնությամբ փոխանցվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվում է հետագա հետևողական աշխատանք։

Նկատի ունենալով բողոքների մեծաքանակությունը` Պաշտպանը հետևողական է լինելու նաև խնդրի համակարգային լուծումների մշակման հարցում։

Բանավոր բողոքների դեպքում անձանց տրամադրվում է իրավախորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ։

Պաշտպանի իրավասության տիրույթում գտնվող դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում նախաձեռնվում են քննարկման ընթացակարգեր և պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից»,-ասվումէ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031