Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ հանուն իրենց նեղ անձնական և քաղաքական շահերի պատրաստ են զոհաբերել, ավիրել, կործանել ամեն ինչ՝ թքած ունենալով երկրի, պետության ու ժողովրդի վրա: Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացմանը զուգահեռ, իշխանությունները գործի են դրել բոլոր լծակները, այդ թվում՝ «իրավապահ» գործիքակազմն ու տեղեկատվական տեռորի մեթոդները, և հարձակվել են ոչ միայն քաղաքական ուժերի, գործիչների, այլև այն գործարարների վրա, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Բագրատ Սրբազանի հավաքներին:

Էլ չենք խոսում նրանց մասին, ովքեր առաջին օրերից շարժման հետ են: Օրինակ՝ օրերս GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կոչ էր արել գալ Բաղրամյան պողոտա և միանալ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հավաքին:

Դրանից հետո իշխանություններն իրենց կցված սատելիտների միջոցով սկսեցին իբր «ֆլեշմոբ» կազմակերպել՝ կոչ անելով չօգտվել GG-ից: Հասկանալի է՝ նպատակն էր հնարավորինս վնասել Հայաստանի ամենակայացած բիզնեսներից մեկը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ընդամենը մի ավտոտնակից ծավալվել է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ավելին, այն հասցրել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:

Սրան զուգահեռ՝ փաշինյանական իշխանության «ավանդույթների» բոլոր կանոններով, կազմակերպվեց հերթական «մասկի-շոուն», խուզարկություն իրականացվեց GG-ի գրասենյակում, առգրավվեցին համակարգիչները: Քննչականը, սովորույթի համաձայն, պաթետիկ, սրտաճմլիկ մի տեքստ տարածեց, թե այս ամենը արվում է 2023 թ. նախաձեռնված վարույթի շրջանակներում: GG ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորաբար նշված էր, որ «ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է»:

Սակայն, ինչպես երևում է, ամբողջությամբ վարկաբեկված և զրոյական վարկանիշ ունեցող իշխանականների ու նրանց՝ ոչ պակաս վարկաբեկված, մինուսային վարկանիշով սատելիտների և «իրավապահների» ջանքերը հակառակ արդյունքն ունեցան:Մի քանի օր է՝ սոցցանցերը հեղեղված են հազարավոր մարդկանց գրառումներով, որ այսուհետ իրենք օգտվելու են հենց GG-ից: Ավելին, շատերը նշում են, որ թեպետ մինչ հիմա չեն օգտվել, բայց արդեն «քաշել» են հավելվածն ու օգտվելու են այս կազմակերպության ծառայություններից:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031