Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում երրորդ անգամ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարը:

եզրափակիչ փուլին մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցեց 11 թիմ` Երևանից և տասը մարզերից, յուրաքանչյուր թիմի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), ովքեր հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը:

Հաղթողը որոշվեց թիմային հաշվարկով։ Վերջնական ցուցանիշներով երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի թիմը հետևյալ կազմով՝ Լիանա Մարտիրոսյան, Միլենա Հովհաննիսյան, Նարեկ Իսավերդյան, Նարեկ Բալասանյան, Արամե Մուսաելյան, Դավիթ Պողոսյան, Վախթանգ Պետրոսյան։ Առաջին տեղը գրավելու առթիվ Կապանի թիվ 9 ավագ դպրոցը ստացավ 4 000 000 դրամ, ֆիզկուլտուրայի մարզիչ Արմեն Ղուկասյանը պարգևատրվեց 700 000 դրամով, իսկ մարզիկները՝ 150 000-ական դրամով։

Երկրորդ տեղը նվաճեց Շիրակի մարզի Առափի գյուղի հանրակրթական դպրոցի թիմը հետևյալ կազմով՝ Մարի Սարգսյան, Մարիամ Սարգսյան, Նարեկ Սարոյան, Վահե Բոլեյան, Արամ Հարությունյան, Հովհաննես Սարգսյան, Հարություն Կարապետյան։ Առափի գյուղի դպրոցն այդ հաջողության առթիվ ստացավ 2 500 000 դրամ, ֆիզկուլտուրայի մարզիչ Գևորգ Խաչատրյանը պարգևատրվեց 500 000 դրամով, իսկ մարզիկները՝ 100 000-ական դրամով։

Երրորդ մրցանակակիր դարձավ Վայոց Ձորի Արենի գյուղի հանրակրթական դպրոցի թիմը հետևյալ կազմով՝ Լիլիա Մկրտչյան, Լուսի Սողոմոնյան, Հայկ Ենոյան, Աշոտ Առաքելյան, Ալեն Գասպարյան, Վաչագան Գասպարյան, Նարեկ Մկրտչյան։ Երրորդ տեղը գրավելու կապակցությամբ Արենի գյուղի դպրոցը ստացավ 1 500 000 դրամ։ Ֆիզկուլտուրայի մարզիչ Արարատ Մկրտչյանը պարգևատրվեց 300 000 դրամով, իսկ մարզիկները՝ 75 000-ական դրամով։

Տղաներից եզրագիծն առաջինը հատեց Վայոց Ձորի մարզը ներկայացնող թիմի անդամ Վաչագան Գասպարյանը, իսկ աղջիկներից՝ Շիրակի մարզը ներկայացնող թիմի վազորդուհի Մարի Սարգսյանը։

Պարգևատրման արարողության ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշեց, որ ուրախացնում է հատկապես մրցաշարի դինամիկան։

«Նախորդ տարվա համեմատ՝ երեսուն տոկոսից ավելի դպրոցական թիմերի մասնակցությունը դրա վառ ապացույցն է։ Թեև մենք ճիշտ ուղու վրա ենք, սակայն ընդհանուր գործընթացը մեզ դեռ չի գոհացնում։ Նույն տրամաբանությամբ կշարժվենք առաջ՝ ավելի լավ արդյունքներ ու ցուցանիշներ գրանցելու նպատակադրությամբ։ Մարզական տարրն առհասարակ պահպանված է ու շատ գեղեցիկ է։ Ճիշտ է, անընդմեջ հաղթում է Սյունքի թիմը, բայց թող թյուր կարծիք չստեղծվի, որ նրանք գալիս են ու հաղթում նույն թիմով։ Անցած տարվա մասնակիցներից միայն երեքը մասնակցեցին հերթական մրցաշարին, ինչը վկայում է արդյունավետ սերնդափոխության մասին։ Վայոց Ձորի թիմում ընդամենը մեկ մարզիկ էր այս տարի նույնպես մասնակցում մրցաշարին։ Եվ նա առաջատար Վաչագան Գասպարյանն է, ով կարժանանա նաև հատուկ մրցանակի։ Հույս ունենք, որ ապագայում մի օր այս մրցաշարը կլինի ավելի հարգի և մասնակիցներ կհրավիրվեն նաև արտասահմանից»,- ասաց Գիլոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարգևատրեց հաղթողներին և իր ելույթում նշեց, որ անչափ կարևոր են նման մարցաշարերը, որոնց հիմքում դրվում է թիմային տրամաբանություն։

«Դա կարևոր է աշակերտների հարաբերություններին հետևելու առումով, թե ինչպես են նրանք միմյանց աջակցում, թե ինչպես է հաղթանակը դառնում բոլորի հաջողությունը և ինչպես կարող են աշակերտները միասին կրել մյուսների անհաջողության պատասխանատվությունը։ Սա ունի շատ մեծ հոգեբանական նշանակություն։ Նման մրցաշարերն անցկացվում են հավաստելու, որ մենք թիմային մարզաձևերում նույնպես հաջողակ ենք։ Այստեղ տեսնում ենք հիանալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք։ Յուրաքանչյուր տարի ավելի խորը հարգանք եմ տածում հատկապես ուսուցիչների կատարած նվիրական աշխատանքի հանդեպ, որովհետև նրանք ամենակարևոր դեմքերն են, կարողանում են մոտիվացնել դպրոցական մարզիկներին։ Մեր ամբողջ գաղափարաբանությունը կատարվող աշխատանքն ավելի ու ավելի կարևորելն է ու առավել գնահատելը։ Ուսուցչի աշխատանքի նկատմամբ հարգանքը մեր ռազմավարական խնդիրներից մեկն է, և նպատակ ունենք այն ավելի ուժեղացնել։ Այս մրցաշարերը հարգանքի տուրք են մեր ուսուցիչների ու տնօրենների կատարած աշխատանքին»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում դրվում է մարզական նոր ավանդույթների սկիզբը, կառուցվում են մարզական ենթակառուցվածքներ, բացվում են մասնագիտացված դպրոցներ։ Օրեր առաջ Ջրառատում բացվեց ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Նախատեսվում է մոտ ապագայում բացել նաև Արթուր Ալեքսանյանի, Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոցները։ Վարչապետի հավաստմամբ՝ այդ ամենը կրթության ռազմավարության անբաժանելի մասն է, որովհետև մարմնակրթությունը մեր սոցիալ հոգեբանության վրա ազդող, մեր ինքնությունն ու պետական ընկալումը զարգացնող կարևորագայուն միջոց է։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930