Հայաստանը չի պատրաստվում դառնալ որևէ մեկի գործիքը. Վահան Կոստանյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը

Հայաստանը, սեփական շահերից ելնելով, զարգացնում է հարաբերությունները բոլոր գործընկերների հետ և չի պատրաստվում դառնալ որևէ մեկի գործիքը։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքի վտանգավոր գործիքը դառնալու մեղադրանք է ներկայացրել Հայաստանին՝ փոխարտգործնախարարը պատասխանեց. «Մենք զարգացնում ենք հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մեր պետական շահերը համընկնում են։ Ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել։ Միգուցե, մեր ինքնիշխան արտաքին քաղաքականությունը որոշակի նյարդայնացում է առաջացնում տարբեր մայրաքաղաքներում։ Դրան որևէ կերպ չենք կարող արձագանքել։ Միայն կարող եմ առողջություն մաղթել»։

Վահան Կոստանյանի գնահատմամբ՝ ՌԴ և ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները բնավ չեն նպաստում գործընկերային երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ «Մենք բարձրաձայնել ենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգում։ Կարծում ենք՝ կարելի է ակնկալել, որ դե-յուրե մեր դաշնակից պետությունը կարձագանքի դրան և կարձագանքի ոչ միայն խոսքերով, այլև քայլերով։ Ինչպես նաև չի կատարի քայլեր և չի անի հայտարարություններ, որոնք վնասում են, ինչպես իրենք են պնդում, իրենց դաշնակցի կենսական շահերին»,- նշեց դիվանագետը։

Վահան Կոստանյանը վերահաստատեց՝ Հայաստանը շարունակում է ակնկալել, որ ՀԱՊԿ-ն ի վերջո կընդունի, որ ՀՀ սուվերեն տարածքները օկուպացվել են Ադրբեջանի կողմից։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930