Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Մարտի 29-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի համակիրների, խորհրդի անդամների բնակարաններում, ԱԺԲ գրասենյակներում։

Բևեռի էջում հայտնում են, որ խուզարկություն է ընթանում Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի բնակարաններում։

«Խուզարկությունները կրում են համատարած բնույթ: Մարզերում ևս խուզարկում են Բևեռի աջակիցների տները և Բևեռի գրասենյակները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժին մի խումբ անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքով քննվող քրեական վարույթի շրջանակներում լայնածավալ քննչական գործողություններ ու խուզարկություններ են իրականացվում։ Խուզարկել է նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը:

Հիշեցնենք, որ օրերս Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք ներխուժման փորձ կատարած անձանց և նրանց հետ առնչություն ունեցող այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել էր 23 խուզարկություն։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել էին հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում՝ զենք-զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել էին 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության» անդամներ, որոնք պահանջում էին, որ ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը։

ԱԱԾ հատուկջոկատայիններին և ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված 3 անձին էլ: Նրանցից երկուսը կալանավորվել են, մեկը դեռ գտնվում է հիվանդանոցում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930