Skip to main content

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վճարները մասնակի կհատուցվեն։«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշեց, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40 հազար դրամ։ Որքանո՞վ սա կբավարարի, որ քաղաքացիներն իրենց բնակարանի վարձավճարի հարցը կարգավորեն։«Մենք նշել ենք մասնակի փոխհատացում, եթե ցանկանում են բնակվել Երևանում, որտեղ վարձավճարները բարձր են, կստացվի, որ տրվում է գումարի մի մասը, սակայն մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզային բնակավայրերում հնարավոր է տուն վարձակալել, որ տրամադրվող գումարն ամբողջությամբ ծածկի»,-ասաց Լուսինե Քոչարյանը։  Այս ծրագրի շահառուներն այն ընտանիքներն են, որոնք փոքր կազմ ունեն, 2 կամ 3 հոգի են, կան հաշմանդամություն ունեցող անձինք կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը։ Ընտանիքում երկու անդամի դեպքում նրանց տարիքի հանրագումարը պետք է լինի 115 և ավելի, 3 անդամի դեպքում՝ 175 և ավելի։  Պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն։«Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների խնդրանքը։ Կան ընտանիքներ, որոնք բաղկացած են միայն հաշմանդամություն ունեցող անձանցից կամ միայն տարեց ամուսիններ են։ Նրանք ցանկություն չունեն օգտվել բնակարան ձեռք բերելու համար հավաստագրի ծրագրից, որովհետև շատ դեպքերում դժվարանում են բնակարան փնտրելը, գտնելը, առք ու վաճառքի հարցը կարգավորելը։ Ավելի շատ գերադասում են ունենալ վարձով բնակարան կամ սոցիալական բնակարան, որը տրամադրվում է անհատույց։ Այդ ամենը հաշվի առնելով մշակվեց այս ծրագիրը»,-ասաց Լուսինե Քոչարյանը։Ծրագրից օգտվելու համար, շատ կարևոր է, որ նրանք անպայման գրանցվեն սոցիալական բնակարանի հերթացուցակում։ Դրա համար անհրաժեշտ է, որ մարդիկ ներկայանան Միասնական սոցիալական ծառայություն և դիմում ներկայացնեն այդ հերթացուցակում ընդգրկվելու համար։ Դրանից բացի, այդտեղ պետք է նաև դիմում ներկայացնեն բնակարանի հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ։ Խոսքն այն հավաստագրի մասին է, որը տրվում է Ղարաբաղից տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու համար։ Հրաժարվելու դիմումը գրելուց հետո արդեն վերը նշված ծրագրից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել housing.socservice.am հարթակի միջոցով։Ինչ վերաբերում է սոցիալական բնակարաններին, ապա Լուսինե Քոչարյանը նշեց, որ առկա է 200 բնակարան, որից 12-ն ազատ է։ Պետությունը ձեռնամուխ է եղել սոցիալական տների կառուցմանը։ Արդեն կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են Արտաշատում, Վանաձորում։ Կան նաև նախագծային փուլում գտնվողներ։ 

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31