Անսպասելի բացահայտում. մարդն ու կապիկը ծիծաղում են գրեթե նույն ռիթմով արդեն մոտ 15 մլն տարի

Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։

Communications Biology ամսագրում հրապարակված աշխատանքում հետազոտողները վերլուծել են մարդանման կապիկների չորս տեսակների՝ օրանգուտանների, գորիլաների, բոնոբոների և շիմպանզեների, ինչպես նաև մարդկանց ծիծաղի ձայնագրությունները։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ծիծաղի 140 դրվագ։

Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր տեսակների մոտ պահպանվում է ընդհանուր սկզբունք՝ ծիծաղի հնչյուններն առաջանում են հավասարաչափ, ռիթմիկորեն կարգավորված ընդմիջումներով։ Գիտնականները ենթադրում են, որ նման կառուցվածքը կարող էր ձևավորվել մարդու և մարդանման կապիկների ընդհանուր նախնու մոտ մոտավորապես 15 միլիոն տարի առաջ և այդ ժամանակից ի վեր գրեթե չի փոխվել։

Միևնույն ժամանակ տեսակների միջև տարբերություններ, այնուամենայնիվ, կան։ Մարդկանց մոտ ծիծաղը դարձել է ավելի արագ, բազմազան և իրավիճակից կախված՝ ավելի ճկունորեն կառավարվող։ Ի տարբերություն մյուս պրիմատների՝ մարդը կարող է գիտակցաբար վերահսկել ծիծաղը՝ սկսած խուտուտի նկատմամբ ակամա արձագանքից մինչև սոցիալական «քաղաքավարի» ծիծաղը զրույցի ընթացքում կամ նյարդային ծիծաղը սթրեսային իրավիճակում։

Հետազոտողների կարծիքով, հենց ձայնային արձագանքների նկատմամբ վերահսկողության զարգացումն է դարձել խոսքի էվոլյուցիայի կարևոր փուլ։ Ծիծաղը, որպես վոկալացման ավելի հին ձև, եզակի հնարավորություն է տալիս հետևելու, թե ինչպես են աստիճանաբար ձևավորվել բարդ լեզվի առաջացման համար անհրաժեշտ հմտությունները։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930