Հունիսի 7-ի ընտրություններն անցյալում են, ընտրություններին մասնակցած քաղաքացին արտահայտել է իր կամքը, սակայն այդ կամքի հետ հաշտ չեն որոշ արտաքին և ներքին շահագրգիռ սուբյեկտներ։ Ինչո՞ւ։ Որովհետև հաշտ լինել՝ նշանակում է ընդունել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական, մրցակցային, անցել են ազատ և թափանցիկ: Հաշտ լինել, նշանակում է ընդունել, որ կառավարող ուժը լեգիտիմ է և լեգիտիմացնել ընտրապրոցեսն ու դրա արդյունքները։ Իսկ շահագրգիռ ուժերին, հատկապես՝ արտաքին, ինչպես նշեցինք, պետք է հնարավոր ու անհնարին բոլոր եղանակներով ապալեգիտիմացնել՝ ստվերել Հայաստանի պատմության վճռորոշ այդ հանգրվանում կայացած ընտրական գործընթացն ու հետընտրական անկայունություն, ցնցումներ հարուցել, ընդհուպ՝ քաոս՝ «հարամելու» «Քաղաքացիական պայմանագրի» վերընտրությունը կառավարող ուժի կարգավիճակում։
Արդ, ԲՀԿ-ի ստացած ձայների՝ որոշ տեղամասերում գրանցված տեխնիակական սխալ հաշվարկի հետ կապված թնջուկը հրաշալի հնարավորություն է՝ Նիկոլ Փաշինյանի «տոնը փչացնելու» և ՀՀ քաղաքացիների մեծամասնության հաղթանակը գողանալու համար։ Գողության վերջին աղմկահարույց դեպքը, հիշեցնենք, արձանագրվեց հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, 2025-ի ՏԻՄ ընտրությունների միջոցով։ ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալը, նկատենք, ընտրապայքարի մեջ մտած «եռագլխի» ստանձնած կարևոր «միսիայի» ավարտ կխնորհրդանշի, իսկ «միսիան», չենք մոռանում, կոչվում էր «Գյումրի 2»։ Հիշու՞մ եք, ընդդիմությունը վստահ պնդում էր, որ ընդդիմադիր ֆավորիտ ուժերի ստացած քվեների հանրագումարը գերազանցելու է ՔՊ-ի ստացած քվեներին և Նիկոլ Փաշինյանին սահմանադրական եղանակով «գահընկեց» անելը վերջապես միս ու արյուն է ստանալու։ Քվեարկության պատկերը, սակայն, ճակատագրական փոփոխություն մտցրեց «սցենարում»՝ խմբագրելով ու դուրս թողնելով կարևոր դերակատարներից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին։
Հիշեցնենք՝ ընդդիմության համար միշտ հաղթական պատկեր «նկարած» սոցիոլոգիական կազմակերպություններից մեկը՝ GALLUP International Association-ը, մայիսի 22-ին այսպիսի տվյալներ էր հրապարակել՝ 28.8%՝ ՔՊ, 14.9%՝ «Ուժեղ Հայաստան», 12.1%՝ «Հայաստան» դաշինք, 8.7%՝ ԲՀԿ, «Միասնության թևեր»՝ 5.8%։ Այս պատկերը վկայում էր, որ միայն «եռագլուխ» կոնգլոմերատը՝ Կարապետյան-Քոչարյան-Ծառուկյան, խորհրդարան անցնելով իշխանազրկելու էր ՔՊ-ին, դե իսկ Թաթոյանն էլ, ինչպես ասում են, կողքից «դամ» էր պահելու։ Իզուր չէ, որ թե Սամվել Կալուգացին, թե Քոչարյանն ու Ծառուկյանն իրենց հաղթանակի վերաբերյալ պնդումներ անելիս հղում էին անում հանրային տրամադրություններին, խոսում Նիկոլ Փաշինյանի գահավիժած վարկանիշի (25 տոկոս), լեգիտիմությունը կորցրած լինելու մասին։
Խափանված «Գյումրի 2» սցենարը նշանակում է ևս 5 տարով սահմանադրական եղանակով իշխանափոխության հետաձգում ՀՀ-ում՝ դրանից բխող հետևանքներով՝ ԵՄ անդամակցության օրակարգի խորացում, ԹՐԻՓՓ-ի գործարկման շոշափելի հեռանկար, Հայաստանի տնտեսական զարգացում, անվտանգային միջավայրի ամրապնդում, խաղաղության համաձայնագրի ստորագրման նախադրյալների ամրակայում, պատերազմի վերսկսման վտանգի զրոյացում, ՀԱՊԿ-ում անդամակցության դադարեցում, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի և ռուսական ներկայության վերջնական դուրս բերում և ․․․Հարավային Կովկասում ՌԴ-ի վերջին «ոտատեղի» չոզոքացում։ ՌԴ-ն, այո, 2021-ին թույլ տված իր ճակատագրական սխալը, երբ չօգնեց տեղական ընդդիմությանը վերցնել իշխանությունը (ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի «ցուցմունքը» վկա․ «Ընդդիմությունը դիմել էր մեզ՝ խնդրելով որևէ կերպ տեսանելի կերպով աջակցել, սակայն մերժում ստացավ։ Ոչ մի դեպքում, նա Ղարաբաղում կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնությունը ստորագրածներից մեկն է, եթե նա չլինի, կրկին ռազմական գործողություններ կսկսվեն, մենք չենք ցանկանում ներքաշվել, մենք մեր գործերն ունենք) քանի որ Նիկոլ Փաշինյանն էր նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրած ՀՀ ղեկավարը, չի կարող թույլ տալ 2026-ին։ Մի պատմա-քաղաքական հանգրվան, երբ այդ հայտարարությունը «ոչ ևս» է և Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ շանտաժի ենթարկել Լեռնային Ղարաբաղով՝ հղում անելով հիշյալ տխրահռչակ փաստաթղթին, երբ Ադրբեջանին հնարավոր չէ «քսի տալ» Հայաստանի տարածքի վրա՝ «Զանգեզուրի միջանցք»-ը կտրել-վերցնելու նպատակով, ակնկալելով, որ այդտեղ վերահսկողությունը կստանձնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները․․․
Հարց է ծագում՝ արդյոք քաղաքական-իրավական առումով չափազանց խոցելի, նաև՝ չափազանց ամբիցիոզ Ծառուկյանը զուտ խորհրդարան խցկվելու, մի քանի՝ 5 մանդատի, թող ներվի ասել՝ «թուլափայի» համար է կռիվ տալիս։ Հազիվ թե։ ԲՀԿ-ի միսիան, ավելի ճիշտ՝ նրան դրսից հրահանգավորողների գերխնդիրը ամեն ինչ անելն է, որպեսզի վերաքվեարկություն տեղի ունենա՝ ակնկալիքով, որ ԲՀԿ—ի տոկոսները էականորեն կավելանան՝ հատելով ընդհուպ 8 տոկոսը։ Խնդիր է դրված՝ ամեն գնով զրկել ՔՊ-ին այսպես ասած բացարձակ իշխանությունից՝ հաշվի առնելով վերոհիշյալ արտաքին՝ ՀՀ-ի համար ճակատագրական օրակարգերի հետ կապված գալիք 5 տարիների զարգացումները։
ՔՊ-ն այս պահին ունի պարզ մեծամասնություն։ Եթե ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա ՔՊ-ն կզրկվի սահմանադրական օրենքներ ընդունելու կամ փոփոխելու հնարավորությունից, չի կարողանա միայն իր ձայներով ընտրել կամ պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր դատախազին, ընտրել Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների, Մարդու իրավունքների պաշտպանին և Սահմանադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց, որոնց ընտրության համար պահանջվում է առնվազն երեք հինգերորդի աջակցությունը, նաև՝ չի կարող փոխել Սահմանադրությունն ու նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակել։ Իսկ այս բոլոր հնարավորություններից զրկված լինելը կբերի ՔՊ-ի՝ ընդդիմության ձայներից կախվածության, կխոչընդոտի ՀՀ-ի համար կենսական նշանակության որոշ իրավական փաստաթղթերի ընդունմանը և կամ առկախմանը ու այսպես շարունակ։ Ի դեպ, հաշվի առնելով, թե ինչ դիրքորոշում ունի «եռագլուխը» խաղաղության համաձայնագրի, ԹՐԻՓՓ-ի իրագործման առնչությամբ, արդեն իսկ կարելի է կանխորոշել, թե ինչպիսին կլինի վերջինիս դիրքորոշումը, երբ հերթը հասնի հիշյալ հանգամանքների հետ կապված որոշ փաստաթղթերի քվեարկությանը։
Եվ ուրեմն, Ծառուկյանի և եռագլխի մյուս ուժերի ու նրանց արտաքին դոնորների «պլան մաքսիմումը» վերաքվեարկության օրակարգը գեներացնելն ու «Գյումրի 2»-ի իրագործումն է, «պլան մինիմումը»՝ ԲՀԿ-ի մուտքը ԱԺ՝ ՔՊ-ի մանդատները նվազեցնելու միտիվով։






































