UNEA-7-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ԵՄ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ անդրադառնալով այն ուղղություններին, որոնք պահանջում են հավելյալ ջանքեր։
Կարևորել են գործակցության շարունակականությունը՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կայունության օրակարգի շրջանակում համատեղ նախաձեռնությունների առաջմղման տեսանկյունից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Առանձին ուշադրություն են դարձրել COP17-ի կազմակերպչական գործընթացին։ Քննարկել են սպասվող աշխատանքների հիմնական փուլերը, նախապատրաստական առաջնահերթությունները և այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել գործընթացի արդյունավետ, թափանցիկ և համակարգված ընթացք։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել գործընկերների լայն ներգրավվածությամբ, աշխատանքային հստակ օրակարգով և ժամանակացույցի պահպանմամբ։
Հաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերածելու կոնկրետ գործողությունների և ամրապնդելով համատեղ ջանքերը՝ շրջակա միջավայրի պաշտպանության, կայուն զարգացման և ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղությամբ։






































