Պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում․ Տեր Արամ

Տեր Արամ քահանա Ասատրյանը գրառմամբ պատասխանել է Մայր Աթոռի այն հայտարարությանը, ըստ որի՝ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր, որին չեն մասնակցել Տեր Արամ քահանա Ասատրյանն ու Տեր Տարոն քահանա Հունանյանը։

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32) Ճշմարիտ է այն, ինչ նույնական է իրականության հետ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։ Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը. Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։

Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է…

Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։ Աստված օգնական և պահապան ամենքիս։

հգ. 1.Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։

Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին` Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք` Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031