Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահի նստավայրը գրավելու փորձին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ձերբակալված 36 անձանց մեծամասնությանը և նրանք մոտ ապագայում կկանգնեն դատարանի առջև, հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, խմբակային բռնություն կազմակերպելու և Թբիլիսիում ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի մեղադրանք է առաջադրվել նախնական կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Նանա Սանդերին։ «Սոցիալական ցանցերի օգտագործմամբ Սանդերը ակտիվ կերպով բռնության կոչ է արել, դրամական միջոցներ է մոբիլիզացրել անկարգությունների մասնակիցների համար համապատասխան հանդերձանք և որոշակի միջոցներ ձեռք բերելու համար, ինչպես նաև նրանց հրամաններ է տվել իրավապահ մարմինների աշխատակիցներին արդյունավետ դիմադրելու համար»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ըստ քննչական նյութերի, Գլխավոր դատախազությունը մեղադրանք էր առաջադրել սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, պետական իշխանությունը տապալելու կոչեր կատարելու, խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու համար։ Մեղադրանքներ էին առաջադրվել օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեին, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավային, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեին, ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Պաատա Մանջգալաձեին և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեին։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահի նստավայրի ցանկապատերը և փորձել ներխուժել ներս։ Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։