Բաքվում ապօրինի պահվող հայերի մեկուսացումը հնարավոր է կանխել. ինչու է ԱԳՆ-ն հապաղում. իրավապաշտպանը՝ հնարավոր քայլերի մասին

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեությունը չերկարացնելու հայտարարությունը ինքնին ենթադրում էր, որ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ն զրկվելու է իր մարդասիրական հնարավորություններից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելի Բաքվում ապօրինի պահվող ՀՀ քաղաքացիներին:

«Այդ իրավիճակում որպես այլընտրանք կարող է դիտարկվել հյուպատոսական այցելությունների իրավունքը, որն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով։ Յուրաքանչյուր սուվերեն պետություն ունի իրավունք այցելելու այլ պետությունում պահվող իր քաղաքացիներին՝ տրամադրելով հյուպատոսական աջակցություն։ Երբ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, սուվերեն պետությունն իր իրավունքը կարող է պատվիրակել հավատարմագրված մեկ այլ պետության։ Օրինակ՝ Ադրբեջանում հավատարմագրված այլ դիվանագիտական-հյուպատոսական ծառայությունները կարող են Հայաստանի փոխարեն իրականացնել այդ իրավունքը, և սա չթույլատրելը կարևոր իրավունքի խախտում է»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից չթույլատրելու դեպքում կխախտվի ոչ միայն պետության իրավունքը՝ ճանաչված Վիեննայի կոնվենցիաներով, այլ նաև անազատության մեջ պահվող անձանց իրավունքները։ Սահակյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են նման մեխանիզմ գործարկել՝ օրինակ՝ վստահելով այդ գործառույթը Շվեյցարիային կամ այլ չեզոք պետության։ Իրավապաշտպանի խոսքով՝ այս առաջարկն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ-ին։

«Նման իրավիճակում ամենաուղիղ, հստակ գործողությունը, որը կարող է մեղմել այդ բացարձակ մեկուսացվածությունը, Հայաստանի կողմից որևէ չեզոք պետությանն իր իրավունքների պատվիրակումն է։ Նշեմ, որ մենք տարաբնույթ քննարկումներ ենք ունեցել՝ գրավոր նամակագրության, բանավոր քննարկումների միջոցով, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Արդյունքում՝ գրավոր տեքստ տարբերակով ունենք հաստատում, որ Շվեյցարիայի իշխանությունները հետաքրքրված կլինեն ստանձնելու այդ իրավունքը»,- շեշտեց իրավապաշտպանը։

Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք՝ մի խումբ հասարակական կազմակերպություններ, շուրջ երեք ամիս առաջ դիմել են ԱԳՆ՝ առաջարկելով քննարկել հյուպատոսական իրավունքի պատվիրակման հնարավորությունը։

«Ստացանք պատասխան, որ խնդիրը քննարկվում է, խորհրդապահական բնույթ են կրում քննարկումները, ուստի մանրամասներ մեզ չեն հայտնվել։ Դրանից արդեն անցել է, եթե չեմ սխալվում, շուրջ երեք ամիս։ Այդ խնդիրը բարդ վերլուծություններ, տվյալների հավաքագրում, այլ բնույթի գործունեություն չենթադրող որոշման կայացման գործընթաց է։ Այստեղ մեկ կարևոր նկատառում կա՝ արդյոք ՀՀ-ն իր քաղաքացիների կողքին է։ Եթե այո՝ պարզապես պետք է որոշել, որ պետությանն ենք դիմում։ Նախադեպեր շատ կան՝ Շվեյցարիան, Բելգիան և այլն»,- ասաց նա։

Սահակյանը նշեց, որ ընդամենը պետք է սկսել գործընթացը, և եթե Ադրբեջանը խոչընդոտի՝ խախտի Հայաստանի սուվերեն իրավունքները, այդ թվում՝ իրացվող երրորդ երկրների միջոցով, դա նույնպես կլինի դրական արդյունք, քանի որ ՀՀ-ի և միջազգային հանրության համար տեսանելի կլինի, թե խաղաղության և բարեկամական հարաբերությունների ձևավորման շուրջ խոսակցությունները որքանով են երևութական և որքանով՝ իրական։

Նա նաև ընդգծեց, որ եթե այս իրավական մեխանիզմը կիրառվեր ժամանակին՝ Կարմիր խաչի վերջին այցելությունից անմիջապես հետո, ապա այսօր Բաքվում պահվող հայերը չէին հայտնվի նման լիակատար մեկուսացման մեջ։

«Չենք բացառում, որ այդ մեկուսացման պայմաններում խոշտանգումներ կան, որոնց հետևանքով էլ՝ մահեր։ Չկա մշտական մոնիտորինգ, չկա վստահելի տեղեկատվություն՝ այս մարդկանց առողջական կամ հոգեկան վիճակի մասին։ Դա ծանր հետևանք է նաև նրանց ընտանիքների համար»,- ասաց նա։

Անդրադառնալով պաշտոնական Երևանի գործողություններին՝ Սահակյանը հիշեցրեց, որ վերջին արձագանքը, որ ստացել են ԱԳՆ-ից, եղել է այն, որ հարցը «քննարկման փուլում է», սակայն արդեն անցել է երեք ամիս, իսկ որևէ որոշում դեռ չկա։

Tert.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ինչ փուլում են հյուպատոսական այցելությունների իրավունքն այլ պետությանը փոխանցելու քննարկումները, և ինչու երեք ամիս անց դեռ արձագանք չկա։ Պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031