Երկուշաբթի օրը՝ Գերմանիայի մայրաքաղաքում սկսվել է պալիատիվ բժշկի դատավարությունը, ով մեղադրվում է առնվազն 15 հիվանդի սպանության մեջ։ Գործը քննվում է Բեռլինի երկրամասային դատարանում։ Նիստը նշանակված է մինչև 2026 թվականի հունվարի 28-ը։
Հետաքննության տվյալներով՝ 40-ամյա տղամարդը հիվանդներին սպանել է 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։ Նա նրանց ներարկել է անզգայացնող և մկանային ռելաքսանտ։ Վերջինս հանգեցրել է շնչառական մկանների կաթվածի, ապա շնչառության դադարի և մահվան։ Առաջին և ամենաերիտասարդ զոհը եղել է 25 տարեկան, ամենատարեցը՝ 94 տարեկան։ Ներկայումս իրավապահ մարմինները ստուգում են ևս 75 կասկածելի դեպք, ուստի չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
Դատախազությունը կարծում է, որ բժիշկը գործել է «ստոր դրդապատճառներով»՝ սպանելով այն անձանց, ովքեր նրա համար ակնհայտորեն անօգնական վիճակում են եղել։ Կասկածյալը 2024 թվականի օգոստոսից գտնվում է քննչական մեկուսարանում։