ԵՄ-ն և Մեքսիկան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած 30% ներմուծման մաքսատուրքերը անվանել են անարդար և անկայունացնող՝ խոստանալով շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ ավելի լայն առևտրային համաձայնագրի շուրջ մինչև սահմանված ժամկետի լրանալը, հայտնում է Reuters-ը։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը ի պատասխան հայտարարել է, որ վստահ է համաձայնության հասնելու հարցում։ «Ես միշտ ասել եմ, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն՝ ցանկացած խնդիր լուծելու համար»։
«Մենք հստակ հասկանում ենք, թե որ հարցերում կարող ենք համագործակցել ԱՄՆ կառավարության հետ, իսկ որոնցում՝ ոչ։ Եվ կա մի բան, որը քննարկման ենթակա չէ՝ մեր երկրի ինքնիշխանությունը», — ասել է նա։
Թրամփն ասել է, որ 30% դրույքաչափով սակագները կգործեն անկախ գոյություն ունեցող ոլորտային մաքսատուրքերից՝ նշելով, որ կպահպանվեն նաև պողպատի և ալյումինի ներմուծման 50% մաքսատուրքերը, ինչպես նաև ավտոմեքենաների ներմուծման 25% սակագները։
Թրամփի՝ ԵՄ-ին ուղղված նամակը պարունակում է եվրոպական մաքսատուրքերի վերացման պահանջ։ «Եվրոպական միությունը ԱՄՆ-ին կտրամադրի ամբողջական, բաց շուկայական հասանելիություն՝ առանց մեզանից մաքսատուրքեր գանձելու, դա կարվի մեծ առևտրային դեֆիցիտը կրճատելու նպատակով», — գրել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ 30 տոկոսանոց մաքսատուրքերը կխաթարեն կենսականորեն կարևոր տրանսատլանտյան մատակարարման շղթաները՝ վնասելով Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող բիզնեսներին, սպառողներին և հիվանդներին։
Նա նաև ասել է, որ թեև ԵՄ-ն կշարունակի աշխատել առևտրային համաձայնագրի շուրջ, սակայն բլոկը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր շահերը պաշտպանելու համար, ներառյալ անհրաժեշտության դեպքում համաչափ պատասխան միջոցների ձեռնարկումը։