Արցախցիներից 200-250 հազար դրամ են պահանջում՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար. ահազանգ

Սա չի կարող երկար տեւել, մարդիկ մնացել են դրսում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, Կառավարության շենքի դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։

Նշենք, որ արցախցիները պահանջում են շարունակել 40+10 հազար աջակցության ծրագիրը, մինչդեռ կառավարությունը այն դադարեցրել է ու աջակցություն հատկացնում է միայն արցախցիների որոշակի խմբերի, որոնք առավել խոցելի են։

«Արցախցիներին կացարաններով ապահովելը բերում է խդիրների, քանի որ այնտեղ կա պարտադիր պայման՝ ՀՀ քաղաքացություն ձեռքբերելը։ Մարդիկ չեն կարողանում ստանալ քաղաքացիություն տարբեր պատճառներով։ Շատերն իրենց ծննդականները թողել են Արցախում, հիմա չեն կարողանում այդ հարցերը այստեղ արագ կարգավորել։ Մարդիկ մեզ ահազանգում են, որ 200-250 հազար դրամ փող են ուզում ծննդականի համար։ Ես չեմ հասցրել ճշտել, թե արդյոք դա իրական է եւ այդ ինչ գումարներ են, որ մարդը պետք է վճարի ծննդական վերցնելու համար»,–ասաց նա։

Արտակ Մկրտչյանը նշեց, որ իրենց պայքարի արդյունքում 2 ամսով երկարացրեցին 40+10 հազար աջակցության ծրագիրը, նաեւ որոշ համայնքներում մեկ շնչի հաշվով սերտիֆիկատի գումարը 3 մլն դրամից դարձավ 4 մլն դրամ. «Բայց նոր խնդիրներ են առաջցել։ Օրինակ, Էջմիածնում 3 մլն–ը դարձավ 4 մլն, բայց տան գներն էլ 50 հազարից դարձավ 60 հազարիդ ավելի, այսինքն գները բարձրացան։ Այսինքն տուժում է այն մարդը, որը պետք է բնակարան ձեռք բերի»։

Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031