4–ամյա երեխան խաղալիս մոլորվել է․ փորձելով գտնել հարազատներին քայլել է դեպի Լանջազատ. ՆԳՆ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։

Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։

Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ Փրկարար ծառայության հոգեբանական խումբը աշխատանքներ է իրականացնել երեխայի մոր հետ։

Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։

Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնում է Սարգսյանը։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, իրավապահները մեկնել են Զովաշեն գյուղ։ Երեխայի անհետանալու վայրից դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։

ՆԳՆ-ից հայտնել են, որ երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031