Վաղարշապատում ավագանու ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16-ին: Այս մասին, այսօր՝ հունիսի 20–ին, կառավարության նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նախագծով նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, փնջում ներառվելու են Վաղարշապատ և Խոյ համայնքները, վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով»,-ասաց նա՝ զեկուցելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։
Նրա խոսքով, կենտրոնացումից հետո տեղի կունենա լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։
«Նախատեսվում է միավորվող համայկնքների ՏԻՄ լիզորությունների դադարեցում և միավորված ՏԻՄ-ի լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,-ասաց Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ մարտի 15–ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: