Գործատուներն օրական 3000 դրամ աջակցություն կստանան, եթե անապահով ընտանիքի անդամին աշխատանքի ընդունեն

Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման նպատակով ԱՍՀՆ-ն մշակել է նախագիծ, որի շահառուներին աշխատանքի տեղավորելու համար գործատուները կստանան աջակցություն հետևյալ ոլորտներում՝ քաղաքաշինության և ենթակառուցվածքների պահպանման ոլորտում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն), սոցիալական և համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում (միայնակ տարեցների, խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցում), գյուղատնտեսության և անտառային տնտեսության (գյուղատնտեսական արտադրանքի, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, կանաչ տարածքների խնամքի իրականացում), մշակույթի և զբոսաշրջության, այդ թվում՝ հուշարձանների խնամքի, կրթության (ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքներ): Այս մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 20-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Բոլոր այդ ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե նրանք գործել են ոլորտներում առնվազն 3 տարի և ունեն տարեկան միջինում առնվազն 10 աշխատող: Ծրագրի տևողությունը սահմանված է 3-12 ամիս:

Այսպիսով, այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73 հազար դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա 1 մարդ-օր աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար»,- ասաց նա:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ գործատուն կարող է նախատեսած լինել տվյալ աշխատատեղի համար ավելի մեծ չափով վճարում, սակայն Կառավարության աջակցության մասը կգա մասամբ փոխհատուցելու այդ գումարը:

Նախարարի տեղակալը հավելեց՝ նախատեսվում է 1 օրվա համար 3500 դրամ վճարել, ինչը չի սահմանափակում գործատուին վճարել ավելի չափով, և դա կախված է հավանաբար աշխատանքի բնույթից. «Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ, այնուամենայնիվ, սա մասնագիտական աշխատանք չի պահանջելու այն աշխատանքների համար, որին մենք աջակցում ենք»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30