Կառավարությունը պատրաստ է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների սոցիալական ծրագրերին վերաբերող առաջարկները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ 40+10 հազար դրամի ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնելով այս մասին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ հասցեական ծրագիրը նպատակ ունի մեղմել այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք բնակարանային աջակցության պայմանների փոփոխությունից հետո կարող են հայտնվել դժվարին իրավիճակում:

«Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու հոգալ իրենց բնակվարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,- մանրամասնել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից ցածր կլինի՝ ներառյալ աշխատանքային եկամուտները։

Այդ դեպքում ընտանիքին կհատկացվի 40 հազար դրամ՝ մեկ անդամի պարագայում, և հավելյալ 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով։

«Օրինակ, եթե չորս անդամ ունեցող ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազարից պակաս լինի, ապա այդ ընտանիքը կստանա լրացուցիչ ևս 70 հազար դրամ», -նշել է Խաչատրյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930