Մարտի 8-ին՝ ժամը 09:26-ին, Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, որը բնական է։ Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։
Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։ Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2ք․մ։
Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։
Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։
Հիշեցնենք՝ մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: