ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետը մեջբերել է ՀՀ վիճակագրական տվյալները և դրանք վկայակոչելով՝ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական դաշինքը լքելու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80 տոկոսով և «նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով»:
«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարել ամեն ինչի համար: Оրինակ՝ ասեք, երբ նրանք վճարել են ամեն ինչի համար», — ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուս պաշտոնյայի համոզմամբ՝ Հայաստանի հնարավոր ինտեգրումը ԵՄ-ին «ուղղակի հարված է լինելու» երկրի զարգացմանը։
«Եթե խոսում ենք արտադրության ծավալի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է տոտալ աղքատացման հանգեցնել», — հայտարարել է Զախարովան։
Անցած շաբաթավերջին Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին, որն ավելի վաղ արժանացել էր Կառավարության հավանությանը:
Մոսկվայից քանիցս զգուշացրել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ: