Վաղը խորհրդարանում պետական գերատեսչությունների ղեկավարների և անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ տեղի կունենա փակ քննարկում։
Բուն քննարկմանը մասնակցելու են 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների 16 հարազատներ, ովքեր էլ և հարցեր են ուղղելու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և Առողջապահության նախարարին։ Մի քանի տասնյակ ծնողներ էլ քննարկմանը հետևելու են լրագրողների համար նախատեսված օթյակից։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ծնողների որոշումն է, որ փակ քննարկմանը մասնակցի 16 ծնող, որպեսզի իրենց հարցերը համակարգված ուղղելու հնարավորություն լինի:
«Իմ կարծիքով՝ որ շատ չլինեն, որ աղմուկ-աղաղակ չլինի։ Երբ շատ մարդ է լինում, փորձը ցույց է տվել, որ բոլորը սկսում են խոսել և խանգարել, ինչը հետո դառնում է անկառավարելի։ Դրա համար որոշել ենք, որ կոնկրետ քանակով մարդիկ հարցեր ուղղեն։ Անձնավորված բաներ չեն լինելու, համակարգված հարցերը վերաբերելու են ԴՆԹ փորձաքննություններին, անհետ կորածների որոնողական աշխատանքներին», — ասաց Ղուկասյանը:
Նրա փոխանցամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատները նաև հանդես են գալու հատուկ զեկույցներով՝ ներկայացնելով, թե ինչ են արել անցած չորս տարիների ընթացքում պետական մարմինները անհետ կորած իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ քննարկմանը հատուկ զեկույցով է հանդես գալու նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Ի դեպ, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները նույնպես մասնակցելու են փակ քննարկմանը։ Ընդդիմադիրների տեղեկություններով՝ փակ քննարկումը վարելու է Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանի խոսնակն առայժմ չի հաստատել այս փաստը: