ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակմանը։ Բայդենը լրագրողներին ասել է, որ լուրը լսելուց հետո իր առաջին արձագանքը զայրույթն ու հիասթափությունն էր։ Միաժամանակ նա անպատասխան է թողել կասկածյալի ինքնության հետ կապված կոնկրետ հարցերը։
«Ես կապվել եմ դաշնային կառավարական գործակալությունների հետ: Նրանք բոլորը համակարգված աշխատում են՝ պարզելու փաստերը»,- ասել է նա։
Ավելի վաղ Բայդենը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Նոր Օռլեանում տեղի ունեցած սարսափելի հարձակումն արդարացում չունի։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն դեպքը հետաքննում է որպես ահաբեկչական գործողություն։
«Որևէ տեսակի բռնության արդարացում չկա, և մենք չենք հանդուրժի որևէ հարձակում մեր երկրի որևէ համայնքի վրա», – ասել է Ջո Բայդենը։
Հարձակվողի ինքնությունը պարզվել է, նա 42-ամյա Շամսուդ Դին-Ջաբարին է, որը սպանվել է։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասի Բուրբոն փողոցում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, վիրավորվել՝ 30-ը։
Լուսանկարը՝ AP-ի։