Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։
Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:
Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: