ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակցել է ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով Ռիյադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին:

Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից:

«Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, օրենսդրական բարենպաստ պայմանները՝ գործընկերներին հրավիրելով համագործակցության:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում, որտեղ թվային տեխնոլոգիաները դարձել են կյանքի գրեթե բոլոր ոլորտների անբաժան մասը: Խորհրդարանների միջեւ միջազգային համագործակցությունը եւս առաջնային նշանակություն ունի, քանի որ թվայնացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ազդեցությունը դուրս է գալիս պետական սահմաններից՝ դառնալով գլոբալ մարտահրավեր, ազդելով ինչպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության, այնպես էլ պետությունների թվային ինքնիշխանության վրա:

Միաժամանակ ԱԺ փոխնախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ այդ տեսանկյունից կարեւորելով նաեւ ինտերնետ կապուղիների ցանցի զարգացման դերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031