Ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությունը պահանջում է առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և մասնագիտական անկախ փորձաքննություն պատվիրել՝ «ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու և տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով»։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական տոմսային համակարգը, որը նախաձեռնությունը քաղաքային տրանսպորտի վարձավճարները թանկացնելու փորձ է որակում։
«Հայաքվե»-ն նշում է, որ սա «վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները»։
«Մեր կատարած հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ նախատեսված թանկացումներից հետո Երևանում հանրային տրանսպորտի ուղեվճարները կինեն ամենաբարձրը տարածաշրջանում, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ բնակիչների փաստացի գնողունակությամբ», — ասված է հայտարարությունում։
«Հայաքվե»-ն շեշտում է՝ «այս վիճահարույց որոշման կիրարկման դեպքում օրենքով նախատեսված սահմաններում կգործադրենք բոլոր հնարավոր միջոցները՝ այն չեղարկելու նպատակով»։
Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների երթուղի մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։
Բուռն քննարկումներով, քվեարկությունների բոյկոտներով ու բողոքներով ուղեկցված միասնական տոմսային համակարգի ընդունումը ընդդիմությունը որակել է տրանսպորտի թանկացման նախագիծ: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ստորագրահավաք է անցկացնում՝ մեկ երթի համար 100 դրամ սակագինը պահպանելու պահանջով։
Քաղաքային իշխանությունն էլ հակադարձում է՝ «օրվա ընթացքում ավտոբուսից մի քանի անգամ օգտվողների համար ուղեվարձն ավելի էժան կլինի, քիչ օգտվողների համար՝ թանկ»։