Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտել է և հեռացվեց, քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում և դա ապացուցված է, իսկ ցանկացած մեկը, ով կպաշտպանի Աղազարյանին, պետք է արժանանար էս ճակատագրին: Նա այլևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ: Մանդատի հարց քննարկել ենք, բայց պարոն Ասլանյանը, որքան նկատել եմ, չի ցանկանում այն վայր դնել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա, Հակոբ Ասլանյանին գործընկերային մթնոլորտում հնարավորություն է տրվել բացատել իր գործողությունների տրամաբանությունը, ինչը Ասլանյանը չի կարողացել հիմնավորել:
«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել է, վերաբերել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:
Այս նամակագրության վերաբերյալ էլ պարզաբանում էր տարածել ԲՏԱ նախարարի խոսնակը: