Վրաստանի նախագահին պետական ​​պաշտպանություն չի տրամադրվի. նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ժամկետի ավարտից հետո առաջիկա մեկ տարում, հավանաբար, պետական պաշտպանությամբ չի ապահովվի։

Ինչպես հայտնել է aliq.ge-ն, «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները խորհրդարանում նախաձեռնել են օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում նախագահը, ինչպես նաև վարչապետն ու խորհրդարանի նախագահը, լիազորությունների դադարեցումից հետո, այլևս անձնական պաշտպանություն չեն ունենա, եթե Սահմանադրական դատարանը, համաձայն սահմանադրության 48-րդ հոդվածի, հաստատի հանցագործության նշանների առկայություն։

Անցյալ տարի Սահմանադրական դատարանը հաստատել էր, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը։

Այս շաբաթ խորհրդարանը նախագիծը կքննարկի և կընդունի արագացված կարգով։

«Որպեսզի անձնական պաշտպանության ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն, միաժամանակ` որպեսզի պետությունը պարտավորություն չունենա պահպանելու սահմանադրությունը խախտող պաշտոնատար անձի պետական պաշտպանությունից օգտվելու հատուկ իրավունքը, անհրաժեշտ է կատարել փոփոխություն»,- կարդում ենք օրենքի նախագծի բացատրական հատվածում։

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունն Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին։

Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն ընտրի նախագահին. այս տարվանից դա անելու է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։

Կոլեգիայի կազմում մեծամասնություն ունի «Վրացական երազանք»-ը, ուստի ընտրություններն այս դեպքում զուտ ձեւական բնույթ են կրելու։

Հայտնի է նաև նախագահի նոր թեկնածուն. նա խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ի առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին է:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031