Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Պատգամավոր Աղազարյանի հեռախոսը հենց Հակակոռուպցիոն կոմիտեում էին առգրավել, վստահեցրել պատգամավորին, թե այն իրենց հետաքրքրում է բացառապես Քննչականի նախկին պետ Քյարամյանի հետ միջադեպի գործով: Հետագայում դրա պարունակությունը, այդ թվում՝ Աղազարյանի պնդմամբ՝ անձնական նամակները, հասան վարչապետին և մյուս ՔՊ-ականներին:
Աղազարյանի շուրջ այս պատմությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը: Կառավարության ղեկավարն SMS հաղորդագրությամբ երկու պատգամավորի էր դիմել մանդատը վայր դնելու հարցով: Նարեկ Զեյնալյանը հաջորդ օրն առանց քննարկելու կատարել էր Փաշինյանի խնդրանքը, իսկ Աղազարյանը՝ դիմադրել:
Վարչապետը խորհրդարանում հայտարարեց՝ տարբերակ կգտնեն նախկին թիմակցին մանդատից զրկելու համար:
Աղազարյանը նախկին թիմակիցներին, նրանք էլ Աղազարյանին մի քանի անգամ առաջարկել են հանրայնացնել այն, ինչ համարում են պետական անվտանգությունը խաթարող տեղեկություն: