«Հայկական կարուսելը» որևէ էթնիկ երանգավորում չուներ․ Զուրաբիշվիլի

«Հայկական կարուսելը» որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- այսօր Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ուզում եմ ասել Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ազգությամբ հայ են և հայերին, որ ապրում են Հայաստանում, որտեղ ռուսական քարոզչությունը ևս ակտիվ է, «հայկական կարուսել»-ը որևէ էթնիկ երանգավորում չուներ»,- նշել է Զուրաբիշվիլին։

Նա ասել է, որ այս արտահայտությունն առաջին անգամ լսել է Էդուարդ Շևարդնաձեի օրոք՝ նշելով, թե կեղծիքի այս մեթոդը կիրառվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա մեջ ընդհանրապես էթնիկ պատկանելություն չկա»,- եզրափակել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից հետո Associated Press-ին տված հարցազրույցում, ենթադրյալ ընտրախախտումները նկարագրելիս օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը՝ պնդելով, թե հենց այդ «հնարքի» միջոցով է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել հաղթել ընտրություններում։

«Մենք դա կոչում ենք «հայկական կարուսել»։ Չգիտեմ, գուցե այնտեղ էլ դա «վրացական կարուսել» են կոչում։ Դա մի մեթոդ է, երբ դեռ մինչև ընտրություններն իշխանությունները հավաքագրում են նպաստառուների և դատապարտվածների ընտանիքների անդամների անձնագրերը։ Հետագայում այդ փաստաթղթերով նույն մարդը քվեարկում է տարբեր տեղամասերում, որոշ դեպքերում՝ ընդհուպ մինչև 17 անգամ», — ասել էր Զուրաբիշվիլին։

Հարցազրույցում, սակայն, այս վարկածն ապացուցող որևէ փաստ Վրաստանի նախագահը չէր ներկայացրել։

Ընդդիմությունն, ինչպես նաև Զուրաբիշվիլին չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031