Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը, որը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում:
«Սիրելի՛ երկրպագուներ,
Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ:
Ինչպես արդեն գիտեք՝ որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, որը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով, հաջողություններով և հիասթափություններով, դժվարություններով և հաղթանակներով, մշտական պայքարով և նվաճումներով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երկար տարիների ընթացքում ինձ մարզած բոլոր մարզիչներին՝ առաջինից մինչև վերջինը: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան եմ սովորել՝ որպես ֆուտբոլիստ և մարդ:
Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, առանց որոնց չէի ունենա իմ ձեռքբերումների նույնիսկ կեսը:
Ինչպես ակումբներում, այնպես էլ ազգաին հավաքականում խաղացել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, որոնցից շատերի հետ ձևավորվել է ընկերություն նաև խաղադաշտից դուրս: Ազգային հավաքականում խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ինչ-որ չափով նպաստել մեր թիմի հաղթանակներին: Ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն ամենայուրահատուկ զգացողությունն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում:
Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Ամբողջ կարիերայիս ընթացքում և մինչև վերջ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և ջերմությունը:
Հուսով եմ ու նաև վստահ, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ:
Ուրախ կլինեմ հետագայում ևս նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը: Կհանդիպենք»,- գրել է Գրիգորյանը:
Գրիգորյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, եվրագավաթներում բոլորից շատ հանդիպումներ (53) անցկացրած հայ ֆուտբոլիստն է, Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած երրորդ ֆուտբոլիստն է, 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստն է, հինգերորդը պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղեր անցկացրած հայ ֆուտբոլիստների մեջ:
Նա նաև 51 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: