ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, քանզի մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է, որի առկայությունը կամ բացակայությունն անմիջական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրիս առօրյա կյանքի վրա:
Որքան ուժեղ է շուկայում մրցակցությունը, այնքան ավելի շատ խթաններ են ստեղծվում բիզնեսի համար աճելու և զարգանալու, դառնալու ավելի նորարար ու մրցունակ:
Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ՝ ձեռք բերելու ապրանքներն ու ծառայությունները՝ հնարավոր լավագույն որակով և նվազ գնով: Այս դինամիկան իր հերթին խթանում է տնտեսական աճն ու զարգացումը՝ ստեղծելով հավելյալ եկամուտներ և ավելացնելով հանրության բարօրությունը:
Այս տարի Մրցակցության համաշխարհային օրվա թեման է «Մրցակցության քաղաքականությունը և անհավասարությունը»: Անհավասարությունների խնդիրն առանցքային է աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների համար, իսկ մրցակցությունը դրա լուծման բանալիներից մեկն է, որը գտնվում է մրցակցային մարմինների ձեռքում: Այդ բանալին նրանք օգտագործում են տնտեսական անհավասարությունները մեղմելու, շղթայի թույլ օղակում գտնվողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝ հավասարակշռելով և վերականգնելով շուկայում խաղի արդար կանոնները:
Այս հարցերը օրակարգային են նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար: Հատկանշական է, որ 2024 թվականին կարևոր օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին՝ կարգավորելու առևտրային ցանցերի և գյուղատնտեսական արտադրանք մթերողների կողմից ուշ վճարումների հարցերը, որոնց արդյունքները շատ արագ իրենց զգացնել տվեցին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք: