Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրահանձնաժողովին՝ «անհապաղ» պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ՝ շեշտելով՝ Վրաստանում «ավտորիտար պետության բռնազավթման գործընթաց է ընթանում»։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին ուղղված նամակը եվրոպացի պատգամավոր Միշալ Շչերբան է հրապարակել X-ի իր էջում։

Նամակում Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, մասնավորապես, կոչ են անում անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական ետքայլի, ընտրական օրենքների խախտման, վարչական չարաշահումների համար, ինչպես նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր քաղաքական դրդապատճառներով պատիժներ են սահմանում:

Նամակում նշվում է, որ «Վրաստանի իշխող կուսակցությունը կեղծ ընտրություններից հետո զավթել է իշխանությունը և ճնշում է քաղաքացիական հասարակության բողոքը»։

Պատգամավորները կոչ են անում նաև պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և սառեցնել նրա ԵՄ բոլոր ակտիվները՝ երկրի սահմանադրորեն ամրագրված շահերի դեմ գործողությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար։

Երկրում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են ցույցերը։ Քաղաքացիներին փողոց է դուրս բերել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշումը։ Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս օրերին ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -