ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչները պետք է մասնակցեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ո՞վ է լինելու բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանը, Ուկրաինան և, ինչպես ասացի, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն: Որովհետև մենք մեզ տեսնում ենք այս միությունների անվտանգության համակարգի մաս: Եվ այս ձևաչափով ես հասկանում եմ, թե ինչի շուրջ կարող ենք պայմանավորվել», — Կիևում, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ ասուլիսում, ասել է Զելենսկին։
Եվրոպական խորհրդի նոր նախագահն և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը կիրակի՝ իրենց պաշտոնավարման առաջին օրն են ժամանել Ուկրաինայի մայրաքաղաք՝ աջակցության ուղերձ հղելով Ռուսաստանի դեմ պատերազմում:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ դեմ է պատերազմի սառեցմանն առանց «Ուկրաինայի համար ամուր դիրքերի»՝ չբացառելով, որ հակառակ պարագայում մի քանի տարի անց Պուտինը կրկին «վերադառնա և ամբողջությամբ կործանի Ուկրաինան»։
«Ուժեղ դիրք» ասելով Զելենսկին նկատի ունի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Զելենսկին շեշտել է, որ Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքների օկուպացիան։ «Սրանք մեր հողերն են և վերադառնալու են մեզ, ու կցանկանայի, որ դա մեծամասամբ արվեր դիվանագիտական ճանապարհով», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Մոսկվան խաղաղության բանակցություններ սկսելու պայման է համարում Ուկրաինայի՝ Ղրիմից ու չորս շրջաններից և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ Կիևը բացարձակ անընդունել է համարում Մոսկվայի պահանջները։