Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի վերջին առաջարկը եղել է համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելը։
«Մենք առաջարկել ենք դուրս թողնել թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի բոլոր առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն և այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված է, տանել ստորագրման։ Դատելով հրապարակային արձագանքներից (նաև շփումների ընթացքում)`այս առաջարկը մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Հիմա ունենք ըմբռնում այն մասին, որ կա մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- եզրափակեց Միրզոյանը։