ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են միջին համաշխարհային ցուցանիշները․ ՌԴ վարչապետ

ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագիծը կայացել է եւ հաջող է աշխատում։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երեւանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի լիագումար նիստում։

«Լրացել է ԵԱՏՄ տասնամյակը։ Այնքան էլ մեծ ժամանակ չէ, բայց վստահաբար կարելի է ասել, որ ինտեգրացիոն նախագիծը կայացել է եւ հաջող է աշխատում»,- փաստել է ՌԴ վարչապետը՝ ավելացնելով, որ ապահովված է ապրանքների, սպասարկումների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի, հավասարության եւ շահերի հաշվառման հիման վրա։ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են միջին համաշխարհային ցուցանիշները։ «Միությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը»,- ասել է Միշուստինը՝ ավելացնելով, որ դա կախված կլինի այն բանից, թե որքանով կհաջողվի իրականացնել պոտենցիալը, այդ թվում օգտագործելով թվայնացման գործընթացները։

Նրա խոսքով՝ թվային օրակարգը կազմակերպության առաջնահերթություններից է եւ պլատֆորմի ստեղծման ուղղություններից մեկը տվյալների հուսալի փոխանցման համար։ Ապագայում դրան կարող են միանալ նաեւ բարեկամական այլ պետություններ։ Այսպիսով, գործընկերները կկարողանան փոխանակել տեղեկություն լոգիստիկայի վերաբերյալ, կառուցել երթուղիներ։ Ներկայում կատարելագործվում են էլեկտրոնային ստորագրության ճանաչման մեխանիզմները։

Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել տեխնոլոգիական անկախություն, իսկ համակարգային խնդիրները լուծել ընդհանուր ջանքերով եւ հենվել սեփական մշակումների վրա։ Նրա խոսքով՝ հրաժարումը թվային ինքնիշխանությունից, առավել եւս՝ որոշ պետությունների կողմից ոչ բարեկամական երկրների տեխնոլոգիաների ներդրումը, կարող են խափանել գործընթացը։ Այս առնչությամբ, ըստ Միշուստինի, անհրաժեշտ է ընդլայնել առաջատար տեխնոլոգիական ընկերությունների կոոպերացիան։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում թվայնացման գործընթացը հռչակվել է 12 տարով զարգացման ազգային նպատակներից մեկը։ Այս համատեքստում նա տեղեկացրել է արագ ինտերնետի ապահովման աշխատանքի մասին ողջ երկրում, ինչի համար անհրաժեշտ են ցածր ուղեծրային արբանյակներ։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել խմբավորում, որը կբավարարի ինտերնետի պահանջմունքները այդ թվում բարեկամական պետություններում։ Նախատեսված է մոտ 300 սարքերի արձակում։

ՌԴ վարչապետն առանձին նշել է համատեղ ախատանքի կարեւորությունը հեռահար կառավարվող բեռնափոխադրումների ոլորտում, տեխնոլոգիաների զարգացումը ԱԲ հիմքի վրա։ Ինչպես նշել է Միշուստինը, մրցակցությունն ԱԲ ոլորտում հսկայական է, երկրները, որոնք նման տեխնոլոգիա ունեն, հսկայական առավելություն ունեն։

Խոսելով ՌԴ-ում աշխատանքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ մինչեւ 2030թ. վերջ նախատեսվում է ձեւավորել պետծառայությունների թվային պլատֆորմներ, որոնք կաշխատեն իրական ժամանակի ռեժիմում։ «Մենք պատրաստ ենք գործընկերներին տրամադրել այդ փորձը»,- ասել է Միշուստինը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է գործընթացի ներդաշնակեցում, որպեսզի ապագայում աշխատանքի միասնական շուկան գործի անխափան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ավելի քան կիսով չափ ապահովում է իրեն սերվերային պլատֆորմներով, նախատեսվում է պլանշետների զանգվածային թողարկում, որոնք կբաշխվեն դպրոցներին։ Գործընկերներին ռուսական մշակումներին անցնելու կոչ անելով՝ ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ կգա իրենց մշակումները արտատարածաշրջանային ընկերություններից պաշտպանելու ժամանակը։

«Համագործակցությունը թույլ կտա ԵԱՏՄ-ին դառնալ առաջավոր հաջող միավորում, իսկ արդյունավետ թվային տրանսֆորմացիան կապահովի թռիչք դեպի ապագա եւ մոտ 190 մլն քաղաքացիների բարեկեցություն, որոնք ապրում են մեր երկրներում»,- ամփոփել է Միշուստինը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031