Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլից է տեղեկացել, որ ՔՊ-ականները ստորագրահավաք են անցկացնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ես լավ եմ գնահատում նրա աշխատանքը, որևէ դժգոհություն չունեմ: Ձեզ համար գուցե տարօրինակ է, բայց մեզ մոտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, արժեքների առումով խոսքի, կարծիքի ազատություն է: Մարդիկ կարող են արտահայտվել, դժգոհ լինել այդ թվում նաև ինձնից, իմ գործընկերներից, դա շատ նորմալ բան է»,- ասաց նա:
Հարցին՝ ՔՊ նիստին դժգոհել են Մինասյանի կադրային քաղաքականությունից, թիմում խի՞ստ են դատում նրա կադրային քաղաքականությունը, Պապոյանն արձագանքեց. «Հարգելի՛ գործընկերներ, տարբեր քննարկումներ լինում են, դա անձի, նախարարության վերաբերյալ չի եղել: Մենք միշտ ինքնաքնադատությամբ ենք հանդես գալիս, և եթե ասում ենք՝ այսինչ բանը պետք է այսուհետ ավելի լավ անենք, ինձ թվում է՝ դա ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում է: Դա որևէ անձի կամ օղակի դեմ չէ, դա կառավարության գործունեության բարելավմանն է ուղղված»:
Իսկ արդյոք պետք է շարունակի պաշտոնավարել Գրիգոր Մինասյանը, հարցին էլ, Պապոյանն արձագանքեց. «Այդպիսի որոշումները կայացնում է ՀՀ վարչապետը, և ես ճիշտ չեմ համարում այդպիսի գնահատական տալ»: