Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի 75 միլիոն եվրոյի վարկ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

«2024 թվականի հունիսի 26-ին ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին բյուջետային աջակցության նպատակով 75 մլն եվրո վարկային միջոցներ տրամադրելու մասին: Ծրագիրը կազմված է 3 հիմնական բաղադրիչներից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»,- նիստի ընթացքում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սահմանել են բարեփոխումների հետևյալ ոլորտային ուղղությունները՝ արտաբյուջետային պլանավորման թափանցիկության, ռիսկերի կառավարման և պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում, կորպորատիվ թափանցիկության ընդլայնում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Նախարարն ասաց, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նշված ուղղությունների ներքո նախապայմանների ձևով սահմանվել են երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության կոնկրետ գործողություններ, որոնք արդեն իսկ ապահովված են: Սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլն ավարտվել է 2022 թվականին:

Մենք նաև քննարկումներ ենք սկսել 3-րդ փուլ ունենալու համար, ինչի շուրջ կսկսենք աշխատանքներն առաջիկայում»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը հատկանշական համարեց, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է, իսկ ԱԶԲ-ի վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում ԱԶԲ խորհրդի կողմից հաստատվելուց հետո․ «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2024 թվականի Պետբյուջեի մասին օրենքով սահմանված պակասորդի ֆինանասավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»:

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ՀՀ պարտքի շեմին։

«Լրատվամիջոցներով սենսացիաներ են պտտվում, թե ՀՀ պարտքը ինչ շեմ հատեց։ Ամեն տարվա բյուջեով նկարագրում ենք, թե ՀՀ պարտքն ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու, ինչ չափով պարտատոմսեր ենք թողարկելու, և ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ բոլոր հարցերը պարզ են բոլորի համար, և սա ու մյուս վարկային ծրագրերը նորություն չեն և նախապես հայտարաված են, աղյբուրները հայտնի են»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30