Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու. Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պահանջել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին կոնկրետ ասել, թե ՀՀ տարածքից որքա՞ն տարածք է տրվել Ադրբեջանին՝ այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, սա քաղաքական հարց է»,- ընդգծել է Սիմոնյանը:

Նա նկատել է՝ այն հարցը, որ բարձրացվում է, դրա պատասխանն արդեն 1 մլն 347 անգամ հնչել է:

«ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել և չի նախատեսվել, չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել: Բազմիցս դրա մասին խոսվել է. ձեր նշած տարածքում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց և հնարավոր է՝ ևս մեկ կիսակառույց շինություն կար, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է, և բնակիչների հետ համաձայնության է եկել Կառավարությունը: Ես ձեզ խնդրում եմ էդ խոսույթը մի փորձեք բերել քաղաքական դաշտ, որովհետև առաջինը՝ դա մեկ անգամ արել եք և չի ստացվել, երկրորդը՝ մենք որևիցե խնդիր այնտեղ չունենք, կրկնում եմ՝ բնակչությանը ամեն ձև փոխհատուցվել է, և երրորդը՝ կարծում եմ՝ դա արդեն հին պատմություն է»,- ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի անցած սկզբունքներով կվերջնականացնեն ու կվերարտադրեն Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզը՝ ըստ Ալմաթիի հռչակագրի։

«Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- նշել է Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30