Լուկաշենկոյի՝ Փաշինյանի հասցեին խոսքը կեղծ է. հայտնի է սկզբնաղբյուրը. CivilNet

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ տարածվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքեր՝ իբր նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է տականք (гнида)։Այս մասին հայտնում է` CivilNet-ը:

Նշվում է, թե Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կոչին, որ ինքը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։

«Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ տականք ես։ Մենք մի այդպիսի տականք արդեն ունեինք՝ կանաչ վերնահագուստով»,- իբր հայտարարել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյին վերագրվող այս խոսքերը տարածել են հայկական բազմաթիվ կայքեր։ Հատկանշական է, որ հոդվածներում որևէ հղում չկա սկզբնաղբյուրին, թե որտեղից են վերցրել այս հայտարարությունը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրեց Բելառուսի նախագահի պաշտոնական էջերը, բելառուսական պետական և ոչ պետական լրատվամիջոցները, սակայն որևէ ապացույց չգտավ՝ Լուկաշենկոյի կողմից նման հայտարարության մասին։ Ավելին, վերջին օրերին Լուկաշենկոն լրագրողների հետ որևէ հանդիպում կամ ճեպազրույց չի ունեցել։

Այսպիսով, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքերը կեղծ են։

Հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նման հայտարարության պատճառ է դարձել Լուկաշենկոյի ավելի վաղ խոսքը, թե ինքը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էր 2020-ին Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հասնելու հնարավորությունների մասին։

Փաշինյանի հայտարարությունից հետո Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Հայաստանը և Բելառուսը հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել է, որ Բելառուսը չի պատրաստվում վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30